К основному контенту

Մշակույթի ըմբռնումը. Մարդու մշակութաստեղծ գործունեության հետևանքները


1.1.Մշակույթի ըմբռնումը
Մշակույթն այնպիսի երևույթ է, որի վերաբերյալ կարելի է անդադար, անվերջանալի մտքեր փոխանցել: Այս երևույթի մասին իրենց աշխատություններում խոսել են, թերևս, աշխարհի գրեթե բոլոր մտածող մարդիկ, ինչը հարց պարզապես չի կարող առաջացնել: Մշակույթն այդ մարդկանց, մեր և աշխարհում գոյություն ունեցող ամեն մի էակի գործունեության, գոյության փաստաթուղթն է, մեր էության հանրագումարը: Մենք հաղորդակից են լինում մշակույթի հետ անկախ մեր կամքից ու գիտակցականից: Մենք գիտենք, որ մշակույթը, լինի դա հոգևոր, նյութական, գեղարվեստական, խստորեն տարբերվում է բնության երևույթներից, քանի որ մշակույթի առարկան օժտված է այնպիսի հատկություններով, որոնք էլ մարդու գործունեության արդյունքն են, որոնց բնության առարկան չի կարող տիրապետել, քանի որ այդ հատկությունների ստեղծողն արդեն մարդն է, ի տարբերություն բնության: Այստեղ հարկավոր է հասկանալ, որ մարդուն դրդում է նման քայլի, այսինքն՝ ձևափոխել, վերափոխել, իրեն ենթարկել բնությանը, իր այս կամ այն պահանջմունքները: Այս համատեքստում կարևոր է նաև նշել այն, որ մշակույթն արդեն հանդես է գալիս որպես իր գոյության մարդկային ձև, ինչը և տարբերում է մարդկային ստեղծած առարկան բնության ստեղծածից՝ տալով այդ առարկային մշակութային հատկանիշներ, որոնք իրենց ամբողջականությամբ մարդ տեսակի պատկերացումների հանրագումարն են: Մշակութային արժեքների իրական բովադակությունը մատնանշում է մարդու զարգացումը որպես հասարակական էակի: Եվ հարկ է նշել նաև մեկ այլ կարևոր
հանգամանք, ըստ որի՝ մարդն իր մշակութաստեղծ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների կրողն է, սուբյեկտ, ով միաժամանակ հանդես է գալիս որպես սեփական գործունեության արդյունք: Մշակույթ հասկացության քննարկման ժամանակ, նախ և առաջ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ այս հասկացությունն ունի բազում իմաստներ: Թերևս դժվար կլինի պատկերացնել մեկ այլ հասկացություն, որ այդքան բազմատեսակ լինի: Այն օգտագործվում է բոլորիս կողմից, սակայն իմաստներով զգալիորեն տարբեր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակույթն արտահայտում է մարդկային էության
խորությունը, անվերջությունը: Մշակութաբանություն գիտության մեջ ընդունված է տարբերակելու մշակույթի ըմբռման երկու մակարդակ՝ առօրյա-գիտակցական, տեսական-վերացական: Առօրյա- գիտակցականի դեպքում մշակույթը ներկայացվում է խառը իմաստներով: Այսպես, այն հասկացվում է որպես նորմատիվ հավաքական համակարգ, որին պետք է նմանվել իբրև վարքի ինքնատիպ չափանիշ: Հաճախ այն նույնացվում է կրթվածության հետ: Գրական-հրապարակախոսական իմաստով մշակույթն օգտագործում են իբրև որևէ երևույթի վիճակ (օրինակ, գրավոր խոսքի մշակույթ): Երբեմն կիրառում են քաղաքային
ապրելակերպը գյուղականից տարբերակելու միտումով: Իզուր չէ, որ առայսօր այս երևույթի համար չկա մեկ ընդհանուր սահմանում, որն ընդունելի կլինի բոլորի կողմից:
Ամերիկյան մշակութաբանների հաշվարկով 1817-1919 թթ. ժամանակահատվածում տրվել է մշակույթի 7 սահմանում, որոնցից մեկը անգլիացի մշակութաբան Թեյլորի սահմանումն է: Ըստ նրա՝ մշակույթն ամբողջանում է գիտելիքներից, հավատալիքներից, արվեստից, բարոյական նորմերից, օրենքներից, սովորույթներից, ինչպես նաև՝ մարդուն բնորոշ հատկություններից, ընդունակություններից և հմտություններից, որոնք և յուրացվում են մարդու կողմից: Այս սահմանմանը հետևելով կարող ենք ասել, որ մշակույթը ոչ թե միասնական համակարգ է, այլ՝ առանձին տարրերի հանրագումար: Լատինական ծագում ունեցող «cultura» բառը, ինչպես գիտենք, սկզբնական շրջանում կիրառվել է հողի մշակում իմաստով՝ մարդու կարիքները բավարարելու համար: Այս առթիվ հռոմեացի գրող, պետական գործիչ Մարկոս Կատոնը հողագործության մասին տրակատում հնչեցրել է հետևյալ միտքը. «Հողի խնամքը, մշակումը ընդհանրապես հնարավոր չէ առանց յուրահատուկ հոգեկան տրամադրվածության»: Սակայն
տրամաբանորեն աստիճանաբար «մշակույթն» ապրել է անցումային փուլերը և ներակայացվել ներկայիս իրեն բնութագրական, սակային կրկին բազմիմաստ տեսքով: Հողի մշակում իմաստի օգտագործմանը հաջորդել է նոր իմաստ, ըստ որի՝ «մշակույթ» ասելով արդեն հասականում էին «մշակել մարդուն», նրա հոգին, հասցնել նրա կարողությունները դեպի կատարելության:
Մշակույթը, իբրև հոգու մշակում, կիրառեց հին հռոմեացի փիլիսոփա, հռետոր Մարկոս Տուլոս Ցիցերոնը իր «Տուսկուլունյան զրույցներում»: Միջին դարերում «կույտ» բառն օգտագործվել է շատ ավելի հաճախ, քան՝ կուլտուրան: Այն էլ կիրառվում էր Աստծո նկատմամբ ունեցած մարդկային սիրո ստեղծագործական հնարավորությունները բացահայտելու
մեջ: Վերածննդի ժամանակաշրջանում մշակույթի մասին անտիկ պատկերացումները վերադառնում են: Այստեղ արդեն առաջին հերթին նկատի է ունեցվել մարդու մեջ առկա ստեղծագործականը, որը և պետք է հետագայում դրդեր ներդաշնակ զարգացման:
«Մշակույթ» տերմինն իր ժամանակակից նշանակությամբ գործածվեց XVII դարում գերմանացի իրավաբան, պատմագիր Սամուել Պուֆենդուրֆի մոտ (1684թ., «Բնական իրավունքի մասին» գիքում):
XVII դ. Շատ փիլիսոփաներ են փորձել պատասխանել, ձևակերպել, թե ինչ է «մշակույթ» ասվածը (Ի. Կանտ, Նիցշե, Շիլլեր, Գելեն, Ռուսսո, Հերդեր, Շպենգլեր և այլք) և նրանցից յուրաքանչյուրն էլ ներկայացնում իր ուրույն, ինքնատիպ մոդելը, որոնց մի մասին աշխատանքում մի փոքր անրադարձ կկատարվի:
Այսպես, Նիդերմանը իր «Մշակույթը, նրա ծագումը, նրան փոխարինող հասկացությունների
փոփոխությունները Ցիցերոնից մինչև Հեդեր» աշխատության մեջ մատնանշում է այս տերմինի
բովանդակային պատմական զարգացումը: Այստեղ մշակույթ տերմինը երկար ժամանակ օգտագործվել է իբրև ինչ-որ երևույթի գործառույթ (հողի, հոգու, մտքի մշակում և այլնի լրացում): Մշակույթի Ցիցերոնյան ընկալումը գրականության մեջ պետք է պահպանվի մինչև 1684թ., երբ գերմանացի լուսավորիչ, փիլիսոփա Ուֆենդորֆը իր «Բնական իրավունքի մասին» գրքում հեռանում է ցիցերոնյան բնորոշումից և մշակույթը սահմանում այն ամենը, ինչ ստեղծել է մարդը: «Մշակույթ» հասկացությունը նոր բովանդակություն է ձեռք բերում գերմանացի մեկ այլ լուսավորիչ, փիլիսոփա Հեդերի մոտ: Վերջինիս մոտ մշակույթը ներկայանում է որպես մի կառույց, որի բաղկացուցիչներից են լեզուն, ընտանեկան հարաբերությունները, արվեստը, գրականությունը, պետական կառավարումը և այլն, որոնց միջև փոխադարձ կապն էլ հանդիսանում է մշակույթի զարգացման աղբյուր: Հեդերն առանձնահատուկ տեղ է
հատկացրել լեզվին՝ համարելով, որ նրա միջոցով է տեղի ունենում մշակույթի ժառանգորդումը: Հեդերի գաղափարները մեծ ազգեցություն են ունեցել ոչ միայն գերմանական, այլև՝ ողջ Եվրոպական տեսության մտքի վրա: Ուշագրավ է, որ մշակույթի պատմության հեդերյան ըմբռնումը կարևոր քայլ էր մշակույթի հետազոտման և նրա առանձին առարկա դարձնելու ճանապարհին: «Մշակույթ» հասկացությունը բովանդակային նոր տարրերով է հարստացրել գերմանական դասական փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչ Իմանուել Կանտը: Վերջինս տարբերակել է երկու աշխարհ՝ բնության և ազատության: Այսպես, Բնության աշխարհը մարդուն խորթ արտաքին աշխարհն է, ուր գործում են կենտրոնական օրենքները: Այստեղ է բնակվում չարիքի աղբյուրը: Իսկ չարիքը հաղթահարվում է մշակույթի կողմից, որում վճռական դեր է խաղում բարոյականությունը: Բնության (չարիք, դաժանություն) և ազատության աշխարհի (մշակույթ, բարոյականություն) միջև եղած հակադրությունը վերացնում է գեղեցկությունը:
   Մշակույթի, բանականության և ընհդանրապես մարդկային տեսակի մասին հիմնարար փիլիսոփայության էական գաղափարներ է մշակել նաև գերմանացի դասական փլիսոփա Հեգելը: Այստեղ արդեն որպես կարևոր հասկացություն դիտարկվում է համաշխարհային կամ բացարձակ ոգու գաղափարը: Ըստ որի, մշակութային ստեղծագործությունները մարդկանց անհատական ձգտումների արդյունք են, սակայն այն, ինչ անում են առանձին մարդիկ համաշխարհային ոգու նպատակային իրականացումն է: Համաշխարհային
մշակույթի զարգացումն ունի օրինաչափ բնույթ և ինքնատիպ տրամաբանություն, որին ենթարկվում են առանձին մարդկանց կամ ժողովրդի գործունեությունը: Հեգելն առաջինն էր, ով մշակույթի զարգացումն իր բոլոր դրսևորումներով ներկայացրել է որպես ամբողջական և օրինաչափ գործընթաց: Իհարկե, չի նշանակում, թե նա մերժել է մշակութային ձևերի բազմազանությունը կամ էլ չի նկատել ազգային մշակույթի միջև առկա կապն ու տարբերությունը: Ըստ նրա, յուրաքանչյուր կոնկրետ պատմական երևույթ հանդիսանում է լոկ համաշխարհային ոգու ինքնաբացահայտման մակարդակ: Մշակութային այդպիսի
տիպերը բնորոշվում են մարդու ազատության աստիճանի տեսանկյունից:
Ժամանակակից մշակույթի տեսության մեջ իր ուրույն տեղն ունի նաև Ֆ. Նիցշեի մշակույթի ինքնատիպ տեսակետը: Ըստ նրա, սոկրատեսյան փիլիսոփայությունը, քրիստոնեության և գրականության բազմադարյան տիրապետությունը ճգնաժամի պատճառ հանդիսացան Եվրոպական մշակույթի համար: Որպես տիրապետող արժեքների հակադրություն, Նիցշեն շրջանառության մեջ դրեց Աստծո և մահվան, բոլոր արժեքների վերարժեքավորման և «գեր մարդու» ձևավորումը: «Գեր մարդուն» Նիցշեն տեսնում է այն ամենի ոչնչացման մեջ, ինչը կեղծ է, հիվանդագին և, այսպես ասած, կյանքի թշնամին է: Նիցշեի «Կյանքի փիլիսոփայության» մեջ նշանակալից տեղ է զբաղեցնում ապոլլոնյան և դիոնիսոսյան մշակույթի տարբերակումները: Իսկ մենք գիտենք, որ Ապոլլոնի և Դիոնիսոսի կերպարները բնութագրվում են
տիեզերական կեցության տարբեր բևեռներ: Այսպես, հունական պանթեոնում Ապոլլոնը Զևսի որդին է: Նա երկնային է, լույսի ակունքն է և աստվածայինի բացահայտման կրողը: Դիոնիսոսի դեպքում ճիշտ հակառակն է. մարմնավորում է երկրայինը, հանդիսանում է պտղաբերության, գինեգործության հովանավորը: Նա ուրախության, խրախճանքի խորհրդանիշն է: Այսպիսով, նրանք խորհրդանշում են երկինքն ու երկիրը, հանդիսանում են հակառակ կողմեր: Ապոլլոնը կարգուկանոնի խորհրդանիշն է, Դիոնիսոսը՝ պայթող կրքերի: Ըստ Նիցշեի
Ապոլլոնը և Դիոնիսոսը երևակայության արդյունք չեն, այլ՝ միասնական կեցության իրական
կենտրոնացումներ: Ապոլլոնյան և դիոնիսոսյան բևեռների շնորհիվ էլ պետք է կատարվի արվեստների առաջընթաց զարգացումը: Նիցշեն կարևոր դեր է հատկացնում նաև մշակույթներում ժամանակ առ ժամանակ գոյացող ճգնաժամերին: Ըստ նրա, ճգնաժամերը ժխտում են պրոգրեսի գաղափարները:
Հետաքրքիր մի փաստ՝մշակույթի մեջ հնարավոր են ընդհատումներ, վերադարձ դեպի անցյալ: Ճգնաժամերն ի հայտ են գալիս ոչ միայն այն պատճառով, որ անցյալի մշակույթը սպառում է իրեն, այլև այն դեպքում, երբ տեղի են ունենում անսպասելի և անհաջող շրջադարձեր:
Ժամանակակից Եվրոպական մշակույթի ճգնաժամի հիմնական պատճառ Նիցշեն համարում է Աստծո մահը: Ըստ նրա, քրիստոնեությունը ոչնչացրել է ամեն մի ճշմարիտ գաղափար և փոխարենը ներմուծել կեղծերը: Ինչպիսիք են՝ Աստվածը, անմահությունը, մեղքը, քավությունը և այլն: Նա գտնում է, որ խեղաթյուրվել է  մարդկային ցեղի բնական վիճակը, քանի որ քրիստոնեությունը սատարում է աղքատներին, ընչազուրկներին, թույլերին և անհաջողակներին: Մեր օրերում նոր եվրոպական մշակույթի շրջանակներում Աստծո և երկնքի
պատրանքին փոխարինել են գիտության, տեխնիկայի պատրանքները (խելքը, օրենքը, գիտական ճշմարտությունները և այլն ):
Արևմտյան մշակութաբանության մեջ իր նորովի մոտեցումներով է աչքի ընկնում Զիգմունդ Ֆրոյդը: Ըստ նրա, մարդկային մշակույթը, որտեղ նա նկատի է ունեցել այն ամենը, ինչում մարդկային կյանքը վեր բարձրացավ իր կենսաբանական պայմաններից և որով նա տարբերվում է կենդանիների կյանքից, ընդհուպ, նա մշակույթի և քաղաքակրթության տարբերությունը անտեսում է, դիտորդի առջև բացում է երկու էջ: Այսպես, առաջինում ընդգրկում է մարդկանց կողմից կուտակած ողջ գիտելիքներն ու հմտությունները, որոնք թույլ պետք է թույլ տան նրան իշխել բնության ուժերի վրա և մարդկային պահանջմունքների բավարարման համար այնտեղից բարիքներ ստանալ, իսկ երկրորդի մեջ ներառված են մարդկային հարաբերությունների
կարգավորման և հատկապես ստացած բարիքների բաժանման գաղափարները: Ըստ որի, անգամ, եթե նրանք հարմարված լինեն մեկուսի գոյությանը, նրանք այնուհանդերձ զգում են մշակույթի կողմից իրենցից պահանջվող համատեղ կյանքի համար արվող զոհաբերությունը:
   Յուրաքանչյուր մշակույթ ստիպված է գույություն ունենալ հարկադրանքի և հակումների արգելքների վրա: Ըստ Ֆրոյդի՝ Մարդիկ ունեն երկու տարածված հատկություն՝ պատասխանատու լինելով այն բանի համար, որ մշակույթի հաստատությունները պահպանվում են միայն բռնության հայտնի չափերով, նրանք նախ աշխատանքի նկատմամբ ինքնաբուխ սեր չեն տածում, և հետո՝ բանականության հիմնավորումները նրանց կրքերի դեմ անզոր են:
Մենք հաճախ տագնապահար բացահայտում ենք, որ բազմաթիվ մարդիկ համապատասխան մշակութային արգելքներին ենթարկվում են արտաքին հարկադրանքի ճնշման տակ, այսինքն՝ միայն այնտեղ, որտեղ արգելքի խախտումը սպառնում է պատժով և մինչև այն ժամանակ, քանի դեռ սպառնալիքը իրական է: Դա վերաբերում է նաև մշակույթի այն պահանջմունքներին, որոնք հավասարապես հասցեագրված են բոլորիս: Մարդկանց բարոյական անհուսալիության փաստերին մենք հիմնականում հանդիպում ենք հենց այդ ոլորտում: Կուլտուրական մարդկանց մի հսկայական մասսա, որը կտատանվեր սպանության կամ ինցեստի սարսափից, չի հրաժարվի իր ագահության, ագրեսիվության, առիթը բաց չի թողնի՝ մյուսներին կեղծիքով, խաբեությամբ, զրպարտանքով վնասելու, եթե դրանից հետո անպատիժ մնար, և այս հոգեբանությունը
դարեդար շարունակում է անփոփոխ մնալ: Ըստ նրա, մշակույթը, որն այդքան մարդու կարող է թողնել չբավարարված և նրանց ապստամբության է հանել, երկարատև գոյության հեռանկար չի ունենա և ապրելու արժանի չէ: Ուշագրավ հանգամանք Ֆրոյդի կողմից՝ գեղարվեստական գործերն առաջացնում են ինքնանույնացման զգացում, որի խիստ պահանջն ունի ցանկացած մշակութային շրջանակ, նրանք ծառայում են անգամ նարցիսական բավարարմանը, ցույց են տալիս այդ մշակույթի նվաճումները:
Լայն իմաստով, մշակույթի հոգեկան գույքի ամենահատկանշական հատվածը նրա կրոնական
պատկերացումներն են, այլ կերպ ասած՝ նրա պատրանքները:
Աստծո խնդիրն այն է, որպեսզի լրացնի մշակույթի բացթողումներն ու նրա հասցրած վնասները,
հաշվարկի համատեղ կյանքում մարդկանց՝ իրար պատճառած տատապանքները, հետևի մշակութային պատվիրանների իրականացմանը, որոնց մարդ արարածն այդքան դժվար է ենթարկվում: Մշակույթի պատվիրաններին տրվում է աստվածային ծագում, նրանք մարդկային հասարակությունից վեր են կանգնում, տարածվում են բնության, աշխարհի պատմության վրա: Կրոնական պատկերացումները, ինչպես և մշակույթի բոլոր նվաճումները, ի հայտ են եկել միևնույն պահանջից՝ պաշտպանել ինքն իրեն բնության ճնշող գերհզորությունից: Մշակույթն այդ պատկերացումները շնորհում է, այսպես ասած, մարդուն, քանզի դրանք վերջինս ընդունում է իբրև տրվածություն, նա միայնակ չէր կարողանա դրանք հայտնագործել: Հիրավի, մշակույթն այն երևույթն է, որի վերաբերյալ արտահայտվելիս կարող ես անդադար, անվերրջանալի տեսակետներ, մոտեցումներ առաջ քաշել: Սակայն այն յուրաքանչուրի համար կարևոր է յուրովի, որքան էլ ենթակա լինենք մենք նրանից, գոյություն ունի ընդհանրական մի տեսանկյուն՝
յուրաքանչյուր ոք մշակույթ ասելով իր գիտակցականում ունի սեփական մոտեցումն ու պատկերացումները:

       1.2. Մարդու մշակութաստեղծ գործունեության հետևանքները
Նախորդ տեքստում արդեն նշել էի, որ մշակույթը մարդու գործունեության արդյունքն է, որը միտված է որոշակի պահանջմունքներ բավարարելուն: Այսպես, նախ հասկանանք, թե աշխատանքի այս ենթաբաժինը ինչ է պահանջում մեզանից: Արդեն պարզաբանել ենք, որ մարդը ունակ է մշակութային գործունեություն ծավալել (ի դեպ, իր գոյության դեռևս վաղնջական ժամանակներից, պալեոլիթից), որի արդյունքն էլ մենք տեսնում ենք անպայման այս կամ այն կերպով, այսինքն՝ այն թողնում հետքեր, հետևանքներ: Իսկ այդ հետևանքներն իրենց հերթին ժամանակի ընթացքում որոշակի դասակարգման են ենթարկվել: Մարդու մտքի,
ստեղծագործական ակտիվությունը տեղի է ունենում բնության «ֆոնում», այսինքն՝ մարդը ստեղծագործում է բնության ներքո, վերցնում է նրանից անհրաժեշտը, սինթեզում և բավարարում իր պահանջմունքները: Իսկ այդ ամենը կատարվում է բանական գործունեությամբ, որի արդյունքում նա, այսպես ասած, ձևափոխում է աշխարհը, ստեղծում է «արհեստական բնություն»: Ինչպես նախորդ բաժնում նշել եմ, մարդը, վերաստեղծելով շրջակա միջավայրը, բնությունը, միաժամանակ վերաստեղծում է ինքն իրեն, իր մարդկային էությունը: Հետևաբար նրա գործունեության առաջընթացը, նվաճումը վերագրվում է նաև իր
անձին: Եվ անջատել, հեռացնել մարդուն բնությունից, չնայած մեր այսօրվա զարգացման բարձր
աստիճաններին, խելամիտ չի ոչ մի պարագայում: Չէ որ մարդն ու բնությունը մի ամբողջությունն են: Այսպես, պետք է ասենք՝ մշակույթի, որը մարդու մտքի հետևանքն է, և բնության միջև փոխշփման արտացոլանքը գործունեությունն է: Սակայն չպետք է մոռանանք, որ մարդկային ամեն մի արարք չէ, որ արարում է մշակույթ:
Որպես այդպիսին հատկանշական է հասարակությունը, որտեղ մարդիկ (արդեն կոլեկտիվի հետ գործ ունենք) իրենց գործունեության արդյուքնքում ստեղծեցին մի կառույց կամ կարող ենք այլ ավանում տալ՝ քաղաքակրթություն, որը պետք է ունենար որոշակի թեալդրող համակարգ, մարդկանց կյանքը կարգավորող մեխանիզմ:
Մշակույթը այնպիսի գործունեության արդյունք է, որն իր մեջ իմաստ է կրում:
Իսկ մարդու գործունեության շրջանակներն այնքան ընդարձակ են, որի արդյունքում էլ արարվում է մշակույթը, նրա հետ ամեն անգամ վերաստեղծելով սեփական անձը Այս գործընթացը կարելի մեկնաբանել հետևյալ կերպ՝ մարդը մշակութաստեղծ է, արարող է: Այդ կերպ էլ մարդը պետք է տարբերվի մյուս կենդանի օրգանիզմներից: Մարդը մշտապես ձգտում է հասնել կատարյալին: Ժամանակի ընթացքում նախնադարյան մարդուց մարդը վերածվել է այսօրվա տեսակին, որը աստիճանաբար որոշակի աշխատանքային գործընթացների արդյունքում ձևավորել, շտկել է իրեն, հետևաբար նաև կատարելագործել է իր քայլերը, ծավալած մշակութային գործունեությունը:
Այսպես, մարդկային գործունեությունը գիտակցված, դինամիկ, հավաքական և անընդհատ վերափոխվող գործընթաց է: Մարդկային աշխատանքում կարելի գտնել որոշակի ընդհանրացված գծեր կենդանիների բնազդային գործունեության հետ, սակայն այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգական հատկանիշների, այլ հասարակական որոշակի փուլում ձեռք բերված փորձի փոխանցման հետ: Աշխատանքային գործունեությունը, հիրավի, կարևոր դեր է ունեցել մարդու, հասարակության ստեղծման, ձևավորման մեջ: Աշխատանքը մարդու գոյության հիմնարար գրավականը պետք է լինի ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝
ժամանակակից զարգացող տեխնիկայի դարում:  Մենք գիտենք, որ այդ գործունեության ընթացքում ստեղծվում է մշակույթ, իսկ այդ մշակույթն իր հերթին հիմականում երկու տիպի է լինում՝ հոգևոր, նյութական (վերջերս նաև գեղարվեստական): Այսինքն՝ կարող
ենք ասել, որ գործունեության ընթացքում ստեղծած մշակութային արժեքները, իրողությունները բաժանվում են հոգևորի և նյութականի: Այսպես, նյութական մշակույթը նյութական արտադրության արդյունքն է, որն իբրև էմպիրիկ փաստ առաջ է քաշում աշխատանքային գործիքները, դեկորատիվ-կիրառական իրերը, ճարտարապետական կառույցները և այլն: Նյութական արտադրությունը, կենցաղը, տեխնոլոգիաների կազմակերպումը ստանում են, այսպես ասած, գոյության մշակութային յուրահատկություններ: Նյութական մշակույթը մատնանշում է նյութական արտադրության այն կողմը, որը խթան է հանդիսանում մեր ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, ձևավորմանը: Նյութական մշակույթի էական տարբերակիչ գիծը կայանում է նրանում, որ այն նույնական չէ ո՛չ հասարակության նյութական արտադրության, ոչ է՛լ նյութական վերափոխիչ գործունեության հետ:
    Անցում կատարենք մյուս տիպին՝ հոգևորին: Այստեղ արդեն գործ ունենք առավել ապրումային, զգացումային դաշտի հետ: Այն իր մեջ կարող է ընդգրկել ինչպես արվեստի գործը, այնպես էլ՝ կրոնական ուսմունքը, գիտական ձեռքբերումները և այլ մարդկայի մտքի թռիչքի տեսակներ, նվաճումներ:  Սակայն պետք հիշել, որ հոգևոր և նյութական մշակույթների տարանջատող, կոնկրետ առանձնացնող սկզբունքներ չկան, քանի որ կոնկրետ մշակութային արժեքը կարող է միաժամանակ հանդես գալ և՛ հոգևոր և՛ նյութական իմատներով: Այսպես, նախ չպետք է մոռանալ կամ անտեսել, որ յուրաքանչյուր մշակութային երևույթ (հոգևոր, նյութական, գեղարվեստական) ստեղծվում է կոնկերտ մարդու գիտակցականի, նրա հոգևոր գիտելիքների միջոցով, հոգևորն էլ միանշանակ ունի իր նյութական կողմը: Վերցնենք օրինակ գիրքը, արվեստի որևէ գլուխգործոց և այլն: Այսինքն՝ այս երկու տիպը անընդմեջ փոխկապակցված են, մեկը մյուսի մեջ իմաստ է դնում: Հոգևոր մշակույթն իր մեջ ներառում է ինչպես հոգևոր գործունեության արդյունքների ամբողջությունը, այնպես էլ բուն գործունեությունը: Հոգևոր գործունեության արդյունքները ցուցադրվում են տարբեր եղանակներով: Այսպես օրինակ՝ սովորույթները, վարքի նորմերն ու կերպարները,
որոնք ձևավորվում են կոնկրետ պատմական հանգամանքներում, ինչպես նաև բարոյական, կրոնական, քաղաքական, գեղագիտական իդեալներն ու արժեքները, բազում այլ գիտելիքների տեսակներ: Նյութական արտադրության արդյունքների հետ միասին սրանք կիրառվում են մարդու այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար:
Այսպիսով, մենք հասկանում ենք, որ մարդն օժտված է այնպիսի մտավոր կարողություններով, որոնք դրդում են նրան անընդմեջ դինամիկայի մեջ լինել, գործել և արարել, տեսնել և վերափոխել: Այսօրվա մարդուն այս ամենը առավել ևս կարելի է բնութագրել: Եթե երկու դար առաջվա մարդը գործում, վերստեղծում և անընդմեջ բնությանն իրեն ենթարկում էր համեմատաբար նվազ տեմպերով, ապա այսօր մարդն իր գործունեությամբ ամեն րոպե է ցուցադրում իր կարողությունները: Թեև, հաճախ նրա գործունեություն
մշակութակործան բնույթ է կրում:  
      Աշխատանքս ավարտեմ Ժ. Ռուսսոյի հետյալ հայացքով: Վերջինս, ի տարբերություն այլ մտածողների, գիտության և արվեստների զարգացումը համարել է բարոյականության, դեգրադացմամբ, պերճանքի, անբարոյականության աղբյուրը: Ըստ նրա, մարդկային բազում արատների ծնունդ հանդիսացող բոլոր գիտությունների և արվեստի ճյուղերը վնասակար հետևանք ունեն: Այսինքն՝ սրանք առաջ են բերում են պարապություն, առաջ են բերում քաղաքացիական որակների կորստի, ձևավորվում է դաստիարակման խեղաթյուրված սիստեմ, որոնք մարդկանց ամենևին էլ չեն երջանկացնում: Վոլտերի խոսքերով Ռուսսոն մարդկությանը կոչ է արել քաղաքակրթության բարիքներից ազատվել և չորեքթաթ կանգնելով ուղղվել դեպի կուսական անտառ: Թեև, վերջինս շտապել է նաև հասկացնել, որ իր մատնանշածն անհնարին է,
քանի որ մարդու գիտակցականը իր զարգացումը, կատարելագործման փուլին է հասել և հին մարդու տեսակին այլև չի կարող վերադառնալ:

_____________________________
Գրականություն
1.Գուրևիչ, Մշակութաբանություն
2.Ա. Ս. Հովհաննիսյան, Կուլտուրան և բնությունը
3.Մելքումյան, Մշակութաբանություն
4. Э. С. Маргарян: О генезисе человеческой деятельности и культуры, 1973
5. Ս. Աղաջանյան, Լեզուն և գիրը մշակույթի համակարգում, 2012
6.Ա. Հ. Սարգսյան, Մշակութաբանություն, ուսումն. Ձեռնարկ, 2007

Комментарии

Հաճախակի որոնվող նյութերը

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոսներին նվիրված տաճար

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա