К основному контенту

Հայ միջնադարյան ճարտարապետություն Աղթամար կղզու պատմությունը և Սուրբ Խաչ եկեղեցին

Կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից: Կղզու հյուսիս-արևմտյան անկյունում պահպանվել են կիկլոպյան
պարսպապատերի հետքեր (երկու-երեք շարք), որոնք, ըստ Հ. Օրբելու, մինչուրարտական բնակավայրի մնացորդներ
են: Մովսես Խորենացու վկայությամբ, Աղթամարում IV դարում եղել է Ռշտունի նախարարների ամրոց: VII դ կեսերին
արաբների դեմ մղված պայքարում Աղթամարը եղել է հենակետ Թեոդորոս Ռշտունու համար: X դ
սկզբին Արծրունյաց Գագիկ թագավորը Աղթամարում մեծ շինարարություն է սկսել՝ դարձնելով այն անառիկ
բերդաքաղաք՝Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական ու հոգևոր կենտրոն: Թովմա
Արծրունի պատմիչը հայտնում է, որ թագավորական հրամանով կղզու հարավային մասում «ծանր և դժվար
փոխադրելի» ժայռաբեկորներով լիճը լցնելով՝ ստեղծել են մոտ հինգ կանգուն (2.6 մ) բարձրությամբ ամբարտակ:
Դրա վրա է բարձրացել պարիսպը՝ լայնանիստ ութ կոնտրֆորսերով և բազմաթիվ աշտարակներով: Մեծ պարիսպն
ունեցել է հինգ ասպարեզ (ձիարշավարան) երկարություն (554 մ): Աշտարակների ներսում եղել են «զբոսանքի
խորանանման գահույքներ»: Ամրոցի մի ծայրում, հաստահեղույս պատերին կից, կառուցվել են մեծամեծ
շտեմարաններ, համբարանոցներ, զինանոցներ և այլ օժանդակ շենքեր: Ամբարտակի կառուցումով լճի մի հատվածն
արհեստականորեն առանձնացվել է իբրև ծովածոց, որով և, ըստ պատմիչի, «բազում նաւաց յօրինեալ խաղաղ եւ
անփոյթ նաւահանգիստ…»: Պարիսպը և նավահանգիստը ներկայումս ջրի տակ են: Զուգահեռաբար իրագործվել է
կղզու ճարտարապետական համակառույցի մյուս մասերի շինարարությունը, ստեղծվել դեպի քաղաքային
հրապարակները, պարտեզներն ու այգիները տանող փողոցների որոշակի ցանց: Ըստ հատակագծային հորինվածքի,
կղզու բարձրադիր մասում կառուցվել են արքունական և իշխանական ապարանքներ, զբոսատեղիներ, փողոցներ ու
ծառուղիներ, որոնք կրկին պարսպապատվել և կազմել են միջնաբերդը: Շինարարության պսակն են դարձել երկու
հուշարձան-կոթողներ՝ Գագիկ Արծրունու պալատը և Սուրբ Խաչ եկեղեցին, որոնց կառուցումը հանձնարարվել է
հանճարեղ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելին:
Ճարտարապետություն
Քաղաքի ճարտարապետական համակառույցում գերիշխող պալատն ունեցել է կենտրոնական գմբեթածածկ դահլիճ՝
40 կանգուն (20.8 մ) լայնությամբ, նույնքան երկարությամբ և բարձրությամբ: Պատերի հաստությունը եղել է մոտ
3.1 մ: Դահլիճի որմնանկարներում պատկերվել են «ոսկեզարդ գահոյք, յորս բազմեալ երեւի արքայ նազելի
ճոխութեամբ, շուրջ զիւրեաւ ունելով պատանեակս լաւատեսակս, սպասաւորս ուրախութեան, ընդ նմին եւ դասս

գուսանաց եւ խաղս աղջկանց զարմանալոյ արժանիս, անդէն եւ սուսամերկաց հոյլք եւ ըմբշամարտաց
պատերազմունք, անդ եւ դասք առիւծուց եւ այլոց գազանաց…, երամք հաւուց զարդարեալք ի պէսպէս
պաճուճանս…»:
Աղթամարի շինություններից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին (915-921)՝ հայկական
ճարտարապետության գոհարներից մեկը: Դա խաչաձև հատակագծով քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկ. 17 մ,
լայն. 14 մ, բարձ. գմբեթով 24 մ)՝ արևելակողմի զույգ ավանդատներով: Հատակագծային հորինվածքը մոտենում
է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային
հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև տաճարների տարածական սկզբունքներին
համապատասխան: Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի
բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ: Եկեղեցին պսակվում է լայնանիստ, ներսից շրջանաձև,
արտաքուստ 16 նիստանի թմբուկի վրա բարձրացող գմբեթով: Նախկինում թմբուկի ծածկը հավանաբար եղել է
ութանիստ, ինչը բնորոշ էր VI-VII դդ հուշարձաններին: Տաճարի հարավային աբսիդում, մուտքից վերև, գմբեթարդից
ցած տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով: Օթյակն
առանձնացված էր քարե կամարակապ բազրիքով և արտաքուստ հարդարված ճոխ քանդակներով:
Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն
փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական
պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում
հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները:
Ստորին գոտին (որմնախարսխից հաշված 6-րդ շարքի վրա) ներկայացնում է ոճավորված տերևներով բուսական
ալիքաձև զարդի նեղ ժապավեն: Երկրորդ գոտին (7-9-րդ շարքերի քարերի վրա) Հին և Նոր կտակարանների, մասամբ
էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է տաճարի հարավային,
արևելյան և հյուսիսային ճակատները: Նույն բարձրության վրա, արևմտյան ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի
դիմաքանդակն է: Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է Քրիստոսը, որին Գագիկ Արծրունի արքան պարզել է
եկեղեցու մանրակերտը: Գոտու սյուժեները բազմազան են, Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի
ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան,
Դանիելը՝ առյուծների գեբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում: Նոր կտակարանից վերցված են գահույքների վրա
նստած Քրիստոսն ու Աստվածամայրը, չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները և այլն: Այստեղ պատկերված են
նաև VIII դ արաբների դեմ մղված կռիվներում զոհված և սրբերի շարքը դասված Համազասպ և Սահակ
Արծրունի իշխանները, Գագիկ արքայի ավագ եղբայր Աշոտ Արծրունին, ինչպես և թշնամի ուժերի դեմ պայքարի
թեմաներով աշխարհիկ այլ քանդակներ: Հարավային ճակատի կենտրոնական հատվածում ամբողջ հասակով
ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով և
պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված: Նույն թեման երկու առանձին հատվածներով կրկնված է հյուսիսային
ճակատում, որտեղ ավանդական հերոսների հետ պատկերված են նաև Արծրունյաց արքայական տան այլ անդամները:
Արևելյան ճակատին քանդակված են Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը և,
հավանաբար, Արծրունյաց տանեպիսկոպոսները:

Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով: Դրանց մի մասը կազմում է երրորդ գոտին (11-րդ
շարք): Առյուծի, հովազի, արջի, քարայծի, եղջերուի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները
գրեթե եռաչափ են: Ավելի վեր՝ 14-րդ շարքում, խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում
պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը
հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ և այլն: Գոտու արևելյան ճակատամասում
ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են
երիտասարդ իշխաններ: Խաչաթևերի և ճակտոնապատերի քիվերի տակ ձգվում է տոհմանշաններ, զինանշաններ և
կենդանիների վազքի տեսարաններ պատկերող զարդագոտին: Արևմտյան թևի քիվի տակ ձգվում տեղադրված են
մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն օժանդակած
իշխաններին և նրանց կանանց: Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին: Ի հակադրություն ստատիկ
քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով է կերպավորված սարսափահար եղնիկների,
քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների ու հովազների կատաղի հետապնդումից: Աղթամարի
բարձրաքանդակները որոշակիորեն առնչվում են հին հայկական և սասանյան պատկերաքանդակներին: Իսկ տաճարը
երիզող զարդագոտիների համակարգը կապվում է IV-VII դդ հայկական արվեստի ավանդույթներին, ակնհայտ
է Զվարթնոցում մշակված ձևերի ազդեցությունը: Աղթամարի բարձրաքանդակներից շատերը ներկված են եղել վառ
գույներով, իսկ դրանց աչքերի բիբերը՝ ագուցված կապտավուն, ջնարակած խեցիներով: Տաճարը նշանավոր է նաև
որմնանկարներով, թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է: Պատերի ցածրադիր մասերը
շրջառում են որմնանկարների երեք գոտի՝ հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները:
Աղթամարի որմնանկարները ոճով մի կողմից առնչվում են վաղ միջնադարյան հայկական
որմնանկարչությանը(Արուճ, Լմբատավանք), մյուս կողմից՝ IX-XI դդ արվեստի բոլոր ճյուղերն ընդգրկած
գեղարվեստական նոր ուղղությանը:Որմնանկարները մասամբ եղծված են:
Սուրբ Խաչ եկեղեցին, ամբողջությամբ վերցրած, եզակի երևույթ մնաց միջնադարյան հայկական արվեստում:
Աղթամարի պատկերաքանդակները ազդեցին ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման
(Բղենո, Նորավանք, Սանահինև այլն), այնպես էլ XIII-XIV դդ Վասպուրականի մանրանկարչության
դպրոցի կազմավորան վրա: Աղթամարի դերը նշանակալից է եղել հայ մատենագրության (Թովմա Արծրունի, Թումա
Մինասենց, Գրիգորիս Աղթամարցի, Զաքարիա Գնունեցի և ուրիշներ) ու գրչության զարգացման գործում:

Հետագա Պատմությունը
Հազարամյա տաճարը մեզ է հասել առանց էական վերափոխումների: XIV դ բարձրացվել են արևելյան
ավանդատների ծածկերը և վերակառուցվել է գմբեթի վեղարը, երբ նախկին ոլորտաձև ծածկը փոխարինվել է կոնաձև
ծածկով: 1293-ին տաճարի հյուսիս-արևելյան կողմում կառուցվել է մի փոքրիկ մատուռ, իսկ 1763-ին արևմտյան
կողմում՝ մեծ ցածրանիստ գավիթ: XVIII դ քանդել են թագավորական վերնահարկ տանող աստիճանները և
հարավային մուտքի առջև ավելացրել բարձր զանգակատուն: Տաճարի հյուսիս-արևելյան կողմում մեծ
գերեզմանատունն է՝ XIII-XVII դդ. բազմաթիվ խաչքարերով:

Վասպուրականի թագավորության անկումից հետո Աղթամարում նստում էին Արծրունի իշխանները և նրանց
շառավիղները: Հետագայում այն որպես քաղաք չի հիշատակվում, բայց մնում է եպիսկոպոսական
և կաթողիկոսական կենտրոն:
Այժմ կղզին լքյալ է և անբնակ:

Комментарии

Հաճախակի որոնվող նյութերը

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոսներին նվիրված տաճար

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա