Skip to main content

Գանձասար վանական համալիր. Արցախ

 


Գանձասարը 10-13 րդ դարերի վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։Գանձասար վանական համալիրն իր անվանումն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Աչքահաճո Գանձասարի վանքը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:

 VII–XVIII դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Արցախի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ XVIII դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները:

Մինչև Արցախիի միացումը Ռուսաստանին (1813 թ.) Գանձասարը եղել է շարժման կենտրոն: 1815 թ-ին Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, և նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը 1836 թ-ին դարձել է Շուշին։

   Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով: Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալլ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։

   1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը: 1923 թ-ից Գանձասարի վանքը չի գործել: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988 թ-ին: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993– 1998 թթ-ին:   Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ են գրվել 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Գանձասարի համալիրում են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը), գավիթը (1261 թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը` Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (XVII դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը: Համալիրից հարավ հին գերեզմանատունն է:

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1...