Skip to main content

Էսսե. Կ. Մալևիչ, Սև քառակուսի



 
Կ. Մալևիչը կերպարվեստի այն հետաքրքիր ստեղծագործողներից է, ում աշխատանքների որակումը լի է տարակարծիքներով: Մալևիչը փիլիսոփա-նկարիչ է, իր արվեստի վերլուծաբանը: Անշուշտ, այս ստեղծագործողը վրձնել կամ այլ կերպ՝ ծնունդ է տվել մի շարք աշխատանքների, որոնք բազմաբնույթ են ընկալման, մեկնաբանման տեսանկյունից,  խիստ սուբյեկտիվ են: Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես: Մալևիչի համար իր «Սև քառակուսին» մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը:
   Եթե մեկ այլ նկարչի աշխատանքները վերլուծելիս ունենում ենք կոնկրետ պատկերման ֆիգուրներ, որոշակի հոգեկան մթնոլորտի առկայություն, այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանը նկարագրող հանգամանք, ապա այստեղ բոլորովին այլ է: Անշուշտ մեր առջև առկա է կտավի պատկերման ժամանակաշրջանը (1915թ.), վերջինին բնորոշ հոգեբանա-քաղաքական խնդիրները, որոնցում կարող էին սնվել մտածող- ստեղծագործողի մտորումները, այնուամենայնիվ, Մալևիչի «Սև քառակուսու» դեպքում ընկալման, ժամանակի մեկնաբանման ու ստեղծագործության ընկալման գործընթացները կատարվում են մի փոքր այլ կերպ: Այստեղ հարկ է, նախ, հասկանալ նկարչի հոգեկան տեսակի յուրահատկությունների նրբությունները, այն է՝ ով էր Կ. Մալևիչը. Նկարիչ, թե՞ փիլիսոփա, թե՞ նկարիչ-փիլիսոփա:
   Կանխահասկացման առաջին փուլում Մալևիչը փիլիսոփա է, ով 20-րդ դարի փիլիսոփայական ուղղություններին է պատկանում, գուցե էքսիզտենցիալիզմին, սակայն կանխահասկացման երկրորդ փուլում  նկարչի հատկանիշները մի փոքր իրենց դիրքերը առաջ են բերում…
   Ընկալման ու մեկնաբանման  գործընթացները մարդկային գիտակցության մեջ, թերևս, կերպարվեստի պատմության մեջ եզակի բախման են ենթարկվում այս աշխատանքի խորքերը թափանցելու, նրա մեջ արվեստի դրսևորումներ, արտահայտչաձևեր տեսնելու ճանապարհին:
   Գիտակցության մի շերտ Կ. Մալևիչին այս կտավով որակում է որպես բավականին փորձառու փիլիսոփայի, գուցե ժամանակի փիլիսոփայի: Քանզի այս կտավում մի ողջ փիլիսոփայություն է, մարդկային փիլիսոփայությունն է, նրա գոյության, նրա արարման, լաբիրինթի, պաթոսների, նրա ամեն ինչի ու ոչնչի, պարզագույնի ու բարդագույնի փիլիսոփայությունն է: Հանճարեղ փիլիսոփայություն, որում պայքար է, մարդկային կեցության պայքար, որում մեկնություններն ու ընկալումները այնքան խոցելի են ու միաժամանակ անմեկնելի:
   Սակայն, գիտակցության հաջորդիվ զգայական շերտում Մալևիչի փիլիսոփայությունը զիջում է իր դիրքերը գեղագիտական ապրումակցմանն ու լցվում հիասթափությամբ. իսկ ու՞ր է արվեստը, ո՞ւր է գեղեցիկը, որ հաճո պետք է լինի մեր տեսողական օրգանին…չկա՞, չկա՛, ուրեմն չկա նաև արվեստը, քանի որ արվեստը գեղագիտությունն է, գեղեցիկի վերապրումն է: Իմ ընկալման դաշտի մեջ այդ գեղեցիկը առկա չէ, ուրեմն այն իմ գիտակցության մեջ արվեստ չէ… Նա, ով նկատում է այդ գեղեցիկը, ապա վերջինիս մեջ առկա է արվեստը… Վաղը գուցե գիտակցությունս արթնացնի այդ գեղեցիկի իմ ընկալումը, այսօր՝ ոչ…

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...