К основному контенту

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.


 
20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:
  Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել:
Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու:
Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն:
1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:
 Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ իր թեմատիկ պատկերների համար, թե՛ որպես ինքնազարգացման միջոց՝ բացօթյա պայմաններում բնության հարուստ գունային բազմազանությանը տիրապետելու համար:
Այդպիսի էտյուդներ կան մնացած 1887-1890-ական թվականներից, որոնք ներկայացնում են զանազան տեսարաններ Էջմիածնից, Սևանից, Ղրիմից, Բախչիսարայից: Դրանք բնությունից անմիջականորեն պատկերված բազմազան բնույթի էտյուդներ են, որոնք հարազատ են տեղանքին, թարմ են կոլորիտով, հարուստ են արտացոլումներով, ընկալված են ճշմարիտ անկեղծությամբ, շատ դեպքերում քնարական են բովանդակությամբ: 1892 թվականի արտաակադեմիական աշխատանքներում կա մի ավարտված բնապատկեր, ‹‹Բոգորոդսկ›› անվամբ, , որը կարող է համարվել բացօթյա պայմաններում էտյուդների միջոցով կատարած բնության ուսումնասիրության լավ արդյունք: Պատկերված է գյուղական միջավայր հիշեցնող մի բակ, անկանոն աճած խոտերով, ցանկապատով բաժանված հարևան բակից, որտեղ մի կին լվացք է անում: Դա հայեցողական անմիջականությամբ, բծախնդիր մանրամասնությամբ, ռեալիստական ճշմարտացիությամբ վերարտադրված պատկեր է: Թվում է, թե նկարիչը Ֆ. Վասիլևի, Վ. Պոլևանովի արվեստի որոշակի ազդեցության տակ է եղել այն ստեղծելիս, որոնց նա սրտամոտ էր ընդունում:
  Թե ինչպես է ընթացել Թադևոսյանի ուսումն ավելի ուշ՝1893 թվականին, պատկերացում կարող են տալ նույն տարում ֆիգուրայի դասարանում կատարած երկու գունանկար առաջադրանքներ, որոնք ներկայացնում են տղամարդկանց մերկ մարմիններ: Այդ աշխատանքներ ակնհայտ ապացույցներ են, որ նկարիչը գերազանց տիրապետում է մարդկային մարմնի անատոմիական ձևերին. դրանք կառուցված են անսխալ, մարմնաձևերի պլաստիկական հատկությունների պահպանմամբ և գեղանկարված են ռեալիստորեն՝ ուսումնական առաջադրանքներից պահանջվող խնդիրների սպառիչ լուծումով:Այս աշխատանքների առավելությունն այն է, որ որ այդ ֆիգուրները թեպետ պատկերված են որոշակի դիրք ընդունած, անշարժ կեցվածքով, բայց զերծ են ակադեմիական նույնատիպ աշխատանքներին բնորոշ ծայրահեղ քարացածությունից և կոլորիտի այնպիսի պայմանականությունից, որպիսին հատուկ է սենյակի պայմաններում վրձնած գործերին:  1893 թվականի ամռան ամիսներին այցելելով Հայաստան, Թադևոսյանը հեղինակում է էտյուդների մի շարք ‹‹Արաագածը Բյուրականից››, ‹‹ Բյուրական գյուղը››, մի քանի դիմանկարներ և ուրիշ էտյուդներ, միաժամանակ վրձնում է նաև ‹‹Դեպի հայրենի ափերը››:
Նույն թվականի աշնանը նա սկսում է իր դիպլոմային աշխատանքը՝
‹‹Սիսարայի մահը›› խորագրով:
  Իսրայելցիներն ամբողջ քսան տարի գտնվելով քանանացիերի իշխանության ներքո, որոշում են ազատագրվել: Նրանց զորավար Բարակը տասհազարանոց բանակ է դուրս բերում քանանցիների դեմ: Վերջիններս նույնպես տասը հազար զորքով և ինն հարյուր երկաթե կառքով դուրս են գալիս նրանց դեմ, իրենց զորավար Սիսարայի գլխավորությամբ: Չկարողանալով դիմադրել, քանանացիները պարտություն են մատնվում: Սիսարայի բանակը խուճապի է մատնվում: Սիսարային հաջողվում է կառքով փախչել՝  ապաստան գտնելով Կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելու մոտ: Վերջինս նենգամտորեն նրան ընդունում է, թաքցնում իր վրանում, վերմակով ծածկում, քողարկում: Մինչ Սիսարան հոգնած  քնում է, Հայելը վերցնում է վրանի ցցերից մեկը և մոտենալով նրան, ցիցը խրում է նրա կոկորդը և տեղնուտեղը սպանում:         Սիսարային հետապնդող իսրայելցիների զորավար Բարակը, մոտենալով Հայելի վրանին, տեսնում է սպանված Սիսարային և իր գոհունակությունը հայտնում Հայելին: Լսելով իրենց զորավարի մահվան մասին՝ քանանացիների մնացած զորքը փախուստի է դիմում և երկիրը ազատագրվում է քանանացիերի տիրապետությունից:
  Եղիշե Թադևոսյանն ընտրել է այն պահը, երբ Հայելն իր վրանում, վրանի ցիցը ձեռքում չոքած է գետնին գորգի վրա պառկած Սիսարայի կողքին, վերմակը ետ է տարել և պատրաստվում է նրան սպանել:Վերմակի տակից երևացող Սիսարան հաղթանդամ է, առնական, հանգիստ ննջած: Նկարիչը ստեղծել է Աստվածաշնչի պատկերացումով զորավարին արժանավայել կերպար:
  Հայելը պատկերված է սովորական կնոջ արտաքինով՝ տնային խալաթով, գլուխը շորով փաթաթված, պպզած իր զոհի մոտ, իր նենգ դավադրությունը կատարելու պատրաստ վիճակում:
Չնայած թեման վերցված է Աստվածաշնչից, մեկնաբանումն այնքան իրական է, որ վերածվել է կենցաղային պատկերի:
  Դիպլոմային այդ աշխատանքի որակը երաշխավորող ապացույցը՝  նրան շնորհված
‹‹դասային նկարիչ›› կոչումն է, որի հիման վրա նրան իրավունք էր տրվում դիմելու ուսումնարանի ղեկավարության՝ իրեն գործուղել արտասահմանում կատարելագործվելու, բայց ինչ-որ պատճառներով այն չի իրականացվում:
  Ուսման արձակուրդային ամիսներին Էջմիածնում լինելն արդեն իսկ առիթ տվել էր Թադևոսյանին ծանոթանալու Կոմիտասի
 հետ. դա վերածվել էր կատարյալ մտերմության: Ահա այդ առիթով է նա պատկերել Կոմիտասին Էջմիածնի լճի ափին: Այդ պատկերն ստեղծվել է 1894 թվականին, ուսումնարանն ավարտած տարում:
  Ենթադրելի է, որ հայ նկարիչների ստեղծագործություններում Կոմիտասի կերպարն առաջին անգամ հանդիպում է Թադևոսյանի արվեստում:
  Նա պատկերված է իր տարերքի մեջ՝ տարված իրեն մտատանջվող ապրումներով: Կոմիտասն այդ ժամանակ քսանչորս տարեկան էր և նշանակված՝ Էջմիածնի ճեմարանի երգի ուսուցիչ, փոխարինելով Ք. Կարա-Մուրզային, ում, իր դեմոկրատական համոզումների պատճառով, ազատել էին աշխատանքից:
Ամենայն հավանակությամբ Թադևոսյանը նկատի է ունեցել Կոմիտասի այդ տարիների հոգեկան ապրումներով, երբ նա կանխազգում էր իր բախումը Էջմիածնի հետադիմական հոգևորականության հետ՝ այդ մասին հաղորդակից դարձնելով նաև Թադևոսյանին, մանավանդ, որ նրանք հասակակիցներ էին:
   Նկարիչն ընտրել է օրվա այնպիսի պահ, երբ լիճը շրջապատող ծառերը անրադարձել են տատանվող ջրում, և Կոմիտասի ֆիգուրը գրեթե ձուլվել է ծառերի արտացոլման հետ:
  1894 թվականին է նկարել նաև ‹‹Վանքի դպրոցը››, որի ճակատագիրն անհայտ է, ինչպես նաև՝ ‹‹Արարատը Էջմիածնից››, էսքիզներ ‹‹Քրիստոսի փորձությունը›› թեմայով և  ‹‹Ս. Ստեփանոսի խորանն Էջմիածնում›› գործերը:
  1895 թվականին ավարտելով ուսումնարանը, և հավանաբար, չստանալով արտասահմանյան գործուղում, արվեստագետը վերադառնում է ծննդավայր: Նա նշանակվում է Էջմիածնի ճեմարանի նկարչության դասատու, ազատ ժամանակը տրամադրելով ստեղծագործական նպատակներին:
  1895 թվականին,  Հայաստանում գտնված ժամանակ մտահղացված և 1896 թվականին կատարված երկու թեմատիկ ստեղծագործություններ՝ ‹‹Կեսօրյա ճաշը›› և ‹‹Քարոզ ուղղադավաններին›› լայն ճանաչում են բերում նկարչին: Ներկայացված լինելով Մոսկվայի արվեստասերների 1898 թվականի մրցույթին, այս աշխատանքներն արժանանում են երկու արծաթե մեդալի, որպիսի երևույթ այդ տարիներին հազվադեպ էր:
  Դժբախտաբար, այդ կտավների բնագրերը չկան. ‹‹Կեսօրյա ճաշը›› այրվել է, իսկ ‹‹Քարոզը›› մնում է անհայտ: Սրանց մասին մոտավոր պատկերացում են տալիս ավելի ուշ կատարված փոքր չափի կրկնօրինակները:
  Իր թեմայով սրտաշարժ պատկեր է ‹‹Կեսօրյա ճաշը››: Հավանական կարող է լինել նրա կոմպոզիցիան, բայց կոլորիտը՝ ոչ, քանի որ այդքան երկար ընդմիջումից հետո նկարչի կոլորիտը հիմնավորապես փոխված է:
  Կտավը ներկայացնում է գյուղական խրճիթ, որի պատի տակ նստոտած են որբեր: Դռնից մի քանի քայլի վրա երեսնիվայր ընկած է մի փոքրիկ աղջիկ, որը որբերի համար տնից կճուճով կերակուր դուրս բերած լինելով, ընկել է. Կճուճը կոտվել է, կերակուրը թափվել և հավերը վրա են թափվել ուտելու:
  Նույն թվականին է վրձված նաև բովանդակությամբ հոռետեսական ‹‹Մահվան երևալը›› կտավը, որի շարժառիթը, թերևս, անձնական տրանադրությունն է եղել, կամ միգուցե Հայաստանում քաղաքական դրությունը, որը զուգադիպում էր 1895-1896 թվականների հայկական կոտորածների հետ:
  Այս շրջանում են վրձնած կաթողիկոսներ՝ Գևորգ Դ-ի և Մկրտիչ Խրիմյանի դիմանկարները, որոնք պահվում են Էջմիածնի կաթողիկոսարանում:Կարելի է ենթադրել, որ այդ աշխատանքները կարող են կատարված լինել բնականից, Թադևոսյանի Էջմիածնում գտնվելու տարիներին: Այդ մասին է վկայում նրանց ռեալիստական մշակումը մինչև կերպարների կոնկրետացումը:
  Դիմանկարները պատվերներ են: Կաթողիկոսները պատկերված են իրենց համազգեստերով, նմանողությամբ թվում են համոզիչ, արտահայտությամբ՝ կենդանի: Կոլորիտը թարմ է, հաճելի, մշակումներն անբռնազբոս են, զերծ դպրոցի ազդեցությունից:
  1900 թվականին Թադևոսյանը կրկին մեկնում է արտասահման, այս անգամ արդեն արվեստների խոշորագույն կենտրոն՝ Փարիզ: Դա որոշիչ դեր է կատարում նրա հետագա ստեղծագործական կյանքում, մասնավորապես՝ կոլորիտի փոփոխության հարցում: Այնտեղ նա հնարավորություն է ունենում տեսնելու համաշխարհային ցուցահանդեսը՝ ծանոթանալով դարի սկզբին արվեստում տեղ գտած բազմաթիվ փոփոխոխություններին:
  1901 թվականին նրա կյանքում տեղի է ունենում կարևոր փոփոխություն. նա ամուսնանում է Ժյուստին Ռոմանի Նեֆի հետ: Այդ կինը նրա կյանքում բարի հրեշտակի դեր է կատարել, դառնալով նրա անբաժան ու անփոխարինելի ընկերը ողջ կյանքում, ամեն ինչով նպաստելով նրա ստեղծագործության բնականոն ընթացքին:
  Նույն թվականին է վրձնել իր նշանակալից գործերից մեկը՝ ‹‹Երկրպագում խաչին››: Բովանդակությամբ աննշան թվացող այդ կտավը, ներկայացնելով մի ծերունու խաչքարի առջև կանգնած երկրպագելիս, ունի գաղափարական խոր նպատակասլացություն: Խաչքարը հայ իրականության մեջ ունեցել է պաշտամունքային նշանակություն: Խորհրդանշելով Քրիստոսի խաչափայտը, խաչքարը, դարեր շարունակ ժողովրդի կողմից ընդունվել է իբրև սրբություն, իբրև պաշտամունքի առարկա՝ հավատի, երկմտանքի զգացումով համակելով մարդկանց:
  Այստեղ պատկերված է բարձրաքանդակ խաչի միայն կեսը, շրջագծված հայկական զարդահյուս նախշերով, և ծերունին՝ կանգնած դրա առաջ մեջքով դեպի դիտողը:
  Թադևոսյանը թեպետ ծերունուն պատկերել է մեջքով, սակայն այնպիսի կեցվածքով, որ դժվար չէ նկատել անսահման հավատի նախապաշարումով և խորին երկմտանքով ողողված մարդու հոգեվիճակը: Պատկերի կոլորիտը մինչև այդ ստեղժած նրա գործերից տարբերվում է իր միօրինակությամբ: Թերևս նկարիչը գիտակցորեն է գնացել նման քայլի և ընտերլ է այնպիսի գույներ, նախ ելակետ ընդունելով խաչքարի հողագույն կոլորիտը, դրան համապատասխանորեն ներդաշնակելով ծերունու կարմրա-օխրայավուն զգեստը, ձեռքը և մեղմորեն արտահայտված մնացած հատվածները, որոնք միասին ամենևին ուշադրություն չեն գրավում՝ պահպանելով այդ արարողության լռակյաց խորհրդավորությունը:
    1903 թվականին, Հայաստան կատարած շրջագայության ընթացքում բավականին թվաքանակի էտյուդներ է հեղինակում, այդ թվում՝ ‹‹Ամբերդի կիրճը››, ‹‹Պուրակ Բյուրականում››, ‹‹Արարատը Բյուրականից››, ‹‹Փողոց Բյուրականում››, ‹‹Բյուրականի ջրաղացը››, ‹‹Բյուրականը երեկոյան›› և այլ տեսարաններ:
  Բյուրականում է վրձնել նաև իր տիկնոջ դիմանկարը  (‹‹Ընթերցող կինը››, 1903 թ.), Նկարչի լավագույն կտավներից մեկը, որում կնոջ նկատմամբ տածած սիրո, ջերմության, վարարուն զգացմուքն իր դրսևորումն է գտել գեղանկարի այնպիսի միջոցների կիրառմամբ, ինչպիսիք նորություն նրա ստեղծագործության մեջ: Բովանդակությամբ մտերիմ, կերպարի ջերմությամբ գրավիչ, մեկնաբանմամբ ճշմարտացի, կատարմամբ ռեալիստական այս դիմանկարը կարելի է համարել նկարչի ստեղծագործության մեջ առատորեն տեղ գտած պլեներային գեղանկարի սկիզբը:
  Ժյոււստինան կերպավորած է պարտեզում, ծառերի ստվերի տակ, խոտերի վրրա կողքի պառկած, արմունկով հենված կապոցին՝ գիրք ընթերցելիս: Նրա համակրելի դեմքին շողացող բավականության արտահայտությունը, ընթերցանությամբ կլանված մարդու խաղաղ հոգեվիճակը, հանգիստ դիրքը, շրջապատի լռությունը բնության նմանատիպ իդիլիկ պայմաններում, երազուն խոհերի տեղիք են տալիս: Պատկերման ռեալիստական մեթոդին միացնելով պլեներային գույնի թարմությունը, հասել է նոր որակի՝ ցուցաբերելով նրբանկատ կոլորիստի իր հիանալի կարողությունները: Միջավայր հանդիսացող այգու տեսարանը,  արևով ողողված կանաչ հարթությունով և խորքում երևացող ծառերի բներով, գարնանային օրվա տպավորություն է ստեղծում: Բնության այդ խաղաղ, հանգստավետ միջավայրում Ժյուստինայի հոգում մակընթացող երջանկության հուզմունքը հազիվ է զսպված՝ պատրաստ ձայնակցելու բնության քրքիջին: Շնորհիվ լուսառատ կոլորիտի, կտավում տիրում է կենսահաստատ տրամադրություն (մանր քսվածքներով կատարված մշակումը ոմանց առիթ է տվել այն նույնականացնելու պուանտիլիզմի հետ, մինչդեռ նկարում դրա հետքն անգամ չկա):
    Ժյուստինայի դիմանկարին հաջորդող հետագա մի քանի տարիների աշխատանքները փաստում են, որ նրա հոգեկան աշխարհում որոշակի փոխոխություններ են կատարվել: Մինչ այդ նրա ստեղծագործության համար իրական կյանքը  ներշնչանքի աղբյուր համարող արվեստագետը, հավանաբար անձնական ապրումների կամ քաղաքական անցուդարձի , հասարակական դեպքերի թելադրանքով պետք է տարվի այլաբանական, սիրային, կրոնից, ժողովրդական առասպելներից կամ երազներից հյուսված թեմաներով, ինչ-որ չափով հեռանալով իրական կյանքից (թեպետ պատկերման եղանակը մնում է առարկայական աշխարհի կոնկրետության շրջանակներում):
  1905 թվականի նրա գործերի շարքում երազուն խոհերի առիթ տվող մի պատկեր է ‹‹Իմ անուրջներից›› բնանկարը:
  Իր շատ կողմերով անրջային է նաև ‹‹Ջանգյուլումը›› (1907). անդորր սիրող Թադևոսյանի մտերմիկ ապրումներից: Թեպետ այն իր ժամանակի հասարակական կյանքի հետ կապված որևէ էական սոցիալական խնդիր չի շոշափում, սակայն կապված է ժողովրդական կենցաղի հետ, արտացոլում է իրական կյանքը, մատուցված քնարական տրամադրությամբ:
Կտավի սյուժեն հայ ժողովրդի կենցաղում ավանդաբար գոյության ունեցող ծաղկահավաքի մի դրվագ է, իր գաղափարով ազնիվ, մարդասիրական, իր նշանակությամբ ժողովրդի զգացմունքներին հոգեհաազատ, բովանդակությամբ քնարական: Ջանգյուլումը երիտասարդական ժամանց է, որի գործողության գլխավոր ‹‹դերակատարները›› աղջիկներ են: Տոնախմբության ամենագեղեցիկ արարողությունը վիճակահանության նախապատրաստությունն է, որը և Թադևոսյանի կողմից ընրված է որպես սյուժե:
       Ըստ ավանդույթի, բնության զարթոնքի հետ, ծաղկափթիթ գարնան սկզբներին    երիտասարդությունը զվարճանում էր ծաղիկներ հավաքելով, վիճակ հանելով, բախտ գուշակելով: Ծաղկահավաքը և վիճակահանությունը կատարում էին բացառապես աղջիկները, որոնք այգիներից, դաշտերից յոթ տեսակ ծաղիկներ էին հավաքում և որևէ նշանի հետ գցում սափորի մեջ, այնուհետև յոթ աղբյուրից յոթ ափ ջուր ավելացնում դրա մեջ, որից հետո հանդիսավոր երթով տնից տուն մտնելով, զանազան ծիսակատարություններ կատարելով և ողջ գիշեր հսկելով այդ սափորը, հետևյալ օրը սկսում էին վիճակահանության արարողությունը, որը պետք է կատարեին փոքրիկ աղջիկները:
    Թադևոսյանի ‹‹Ջանգյուլումը›› ներկայացնում է երթի պահը: Հինգ աղջիկներ, մի փոքրիկ երեխայի հետ, զուգված տոնական զգեստներով, ծաղիկնեի փնջերով և վիճակահանության սափորով, դանդաղաքայլ ընթանում են նշանակված վայրը՝ յուրաքանչյուրն իր սրտում պահած մի երանելի ցանկություն:
   Համոզիչ է աղջիկների հեզանազ, դանդաղ ընթացքը, մտքերով տարված, նրանց ինքնամփոփ, հույսերով լի սպասողական հոգեվիճակը, գաղտնիքներով պարուրված լռությունը, նահապետական վարվելակերպին հատուկ շարժմունքը և ինչ-որ չափով զսպված ուրախությունը:
   Իր ժամանակի լարված քաղաքական իրադարձությունների մթնոլորտում  սոցիալական խնդիրների հետ ունեցած առնչությամբ, առաջին տպավորությամբ, կարող է չեզոք թվալ նաև   
‹‹Հանճարը և ամբոխը›› կտավը (1909): Սակայն, ընդհանուր առմամբ, այդ գործի թեման չպետք է դիտել որպես ժամանակի կյանքից կտրված ինքնանպատակ երևույթ:Պատկերի իմաստը ռաջադիմական է ու մերկացնող:
  Այն նեկայացնում է հանճարեղ մարդուն սիմվոլիկ ոմն անձնավորություն՝ անելանելի համակեցության թելադրանքով ամբոխից փախչելիս, իսկ ամբոխը վայրագորեն ծաղրում է նրան, գոռում-գոչյունով հետապնդում: Նկարչի մոտ ‹‹ամբոխը›› նույնացված չի ‹‹ժողովուրդ›› հասկացության հետ: ‹‹Ամբոխ›› անվան տակ նա նկատի է ունեցել հասարակության տգետ, քաղքենիական, հետադիմական հայացքներ ունեցող խաժամուժը: Նրամք թեթևամիտ, գռեհիկ, մարդկային արժանիքները գնահատելու անընդունակ, չարությամբ ու նախանձով լեցուն մարդիկ են:
 ‹‹Հանճարը և ամբոխը›› կյանքի դիտողականության ծնունդ է: Թադևոսյանը խորն է զգացել հերոսի հուզմունքը, նրա այլայլված, անելանելի հոգեվիճակը, որն ստիպել է նրան փախուստի դիմել, ազատվելու համար այդ խեղդող միջավայրից: Նա սրընթաց առաջ է գալիս, այլայլմունքց աչքերը չռած, ձեռքով ականջը փակած, չլսելու ամբոխի վայնասունը: Նրա համակրելի դիմագծերը արտահայտում են հոգու բարության, արտացոլում են մարդկությանը ծառայելու նվիրական ձգտումներով տոգորված ազնիվ մարդու էությունը: Նրա վիճակը մարդու մեջ առաք է բերում համակրանքի, ափսոսանքի, կարեկցանքի զգացում, հատկապես, երբ դիտում ես նրան հետապնդող ամբոխին՝ բազմազան արտահայտություններով տիպերի, որոնք կենդանական  բնազդով մեկը մյուսին հետևելով, չարախնդորեն գոռում, ծաղրում են իրենց զոհին՝ իրենց անմարդկային արարքից հաճույք ստանալով:
  Գեղանկարը արված է պուանտիլիստական աշխատատելաձևով, պատկերը կարելի է որակել իբրև հոգեբանական գործ:
  Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունների մեջ երբեմն կարելի հանդիպել նաև սրբերի պատկերների: Այդ աշխատանքները, թերևս, ստեղծվել են ոչ այնքան ներքին զգացմունքի թելադրանքով, որքան որպես պատվերներ, հատկապես, որ դրանց որոշ մասը գտնվելիս է եղել Էջմիածնում, որտեղ նա հաճախ է այցելել: Նմանատիպ աշխատանքներից է ‹‹Ս. Հռիփսիմեն›› (1911):
  Ե. Թադևոսյանի 1914 -1915 թթ. Ստեղծագործությունների քանակը, ներառյալ էտյուդները, որոնք նախորդ տարիներին  մեծ թիվ են կազմել, անհամեմատ  ավելի նվազ են, անգամ որակով՝ եզակի չեն:            Դրա պատճառը պետք է որոնել ժամանակի քաղաքական դրության մեջ:
  Ժամանակի արհավիրքների ազդեցությունը փարատելու համար, այս շրջանում նորից է դիմում իր երևակայության օգնությանը, երբեմն ստեղծելով սրբապատկերներ՝ ‹‹Տիրամայրը››, ‹‹Խաչելություն››, երբեմն էլ երևակայական թեմաներով գործեր՝ ‹‹Ծաղիկների սիմֆոնիա››, ‹‹Թռչունների համերգ››:
  ‹‹Ծաղիկների սիմֆոնիան›› (1915թ.) անավարտ մնացած գործ է և, ըստ երևույթին, ունի սիմվոլիկ իմաստ, հատկապես, որ համընկնում է նկարչի մղձավանջային հոգեկան ապրումների հետ: Կտավը ներկայացված է բազմատեսակ ծաղիկներով ծածկված ֆոն, որի մի անկյունում պատկերված է երիտասարդ հայ կին, նստած, արմունկը հենած ծնկին, ձեռքը երեսին, մտածմունքների մեջ:
  Նմանատիպ մի մոտեցում է առաջ գալիս ‹‹Թռչունների համերգը›› գործը վերլուծելիս: Այն ևս անավարտ և մոտավոր պատկերացում է տալիս թռչունների գոյության մասին, որոնք գրեթե մնում են աննկատելի: Այս կտավի անվանումը կարելի է հանդիպել նաև ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնեյդերսի մոտ:
  1917-1918 թվականները ևս նկարչի համար բարենպաստ, արդյունավետ տարիներ չեն եղել, մասնավորապես՝ քնարական առումով:
Ժամանակակիցների խոսքերով Թադևոսյանը ուղղամիտ, մարդասեր, ազնիվ մարդ է եղել. երբևէ չի հանդուրժել կեղծիք, շողոքորթություն, երկերեսանիություն և նման ոչ մարդկային հատկանիշներ: Եվ, թերևս, այդ է հանդիսացել ‹‹Քրիստոսը և փարիսեցիները›› կտավի մտահղացման արգասիքը, որը ա նկարել է մի քանի էսքիզների և տարբերակների ձևով, սկսած՝ 1916 թվականից:
  Թադևոսյանի համար Քրիստոսի կերպարը մարդկային առաքինության իդեալական օրինակ է: Հատկապես, որ նա Քրիստոսին հակադրել է փարիսեցիներին, որոնք շահամոլ, կեղծավոր, փողասեր, խարդախ, երդմնազանդ մարդու տեսակին էին պատկանում: Նկարիչը Քրիստոսին պատկերել է մարդկային նկարագրի հատկանիշներով: Հատկանշականը այն է, որ նրա ստեղծած կերպարը հասարակ մարդու տպավորություն է թողնում, բավականին խստաբարո տեսքով, զայրույթով լեցուն արտահայտությամբ և դատապարտողի կեցվածքով:
Ինչպես նկատելի է դառնում Թադևոսյանի ստեղծագործություններում տարբեր շարժառիթներով տեղ են գտել երազների, անուրջների, անցյալի մասին պատկերացումների միջոցով ստեղծված պատկերներ: Այդ բնույթի մի գործ է նաև ‹‹Անտիկ տեսիլքը››: 



Комментарии

Հաճախակի որոնվող նյութերը

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոսներին նվիրված տաճար

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1876-188..... թվականներին Բաշինջաղյանը ս